Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ադրբեջանական շահերի հիմնական լոբբիստ, Ռումինիայի նախկին արտգործնախարար Ադրիան Սեվերինը հայտնվել է աննախադեպ սկանդալի կենտրոնում: The Sunday Times-ի փոխանցմամբ` նրա դեմ հետաքննություն է սկսվել ե պարզվել է, որ նա 100 հազար եվրո կաշառքի դիմաց, համաձայնել է զուտ մասնավոր շահեր հետապնդող օրենսդրական նախագծեր առաջ քաշել խորհրդարանում:

Թեեւ եվրոպատգամավորը չի ընդունում իր հասցեին ուղղված մեղադրանքները, այնուամենայնիվ այդ կապակցությամբ կտրուկ հայտարարություններով են հանդես եկել մի շարք խորհրդարանականներ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դայանա Ուոլիսը հայտարարել է, որ հանդես է գալու պաշտոնական հետաքննություն սկսելու նախաձեռնությամբ: Իսկ եվրոպական  սոցիալիստների խմբի նախագահ Մարտին Շուլցը կարգադրել է Սեվերինին դուրս գալ խմբից` հայտարարելով, որ ապագայում ցանկացած նման դեպքում ինքը վարվելու է նույն կերպ:

Իր խոսքում Մարտին Շուլցը նշել էր նաեւ, որ յուրաքանչյուր խորհրդարանական, ով կարող է մեղադրվել կաշառակերության մեջ, պետք է անհապաղ հրաժարական ներկայացնի:

Եվրոպական մամուլը հեղեղված է սկանդալի մասին նյութերով: