Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մարտի 25-ին այցելել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության նորաբաց կենտրոն:

Ներդրվել է «Մեկ պատուհան» սկզբունքը, համաձայն որի քաղաքացին այլեւս ստիպված չի լինի  ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել, հավաքել անհրաժեշտ տեղեկանքներ ու փաստաթղթեր։ Համակարգի ներդրմամբ իրավաբանական անձի գրանցումը կատարվելու է «Մեկ պատուհանից»:

«Այսուհետեւ ձեռնարկությունների գրանցման գործընթացը ՀՀ-ում կատարվելու է առավելագույնը 15 րոպեի ընթացքում,  ընդ որում՝ էլեկտրոնային եղանակով գրանցումը հնարավորություն է տալու, որպեսզի քաղաքացիները կարողանան ձեռնարկություն գրանցել` նույնիսկ չայցելելով գործակալություն»,- նշել է վարչապետը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի խոսքով` ծրագրի իրականացման համար միմյանց հետ համագործակցել են մի քանի կառույցներ, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի տարբեր գերատեսչություններից հավաքել տեղեկատվություն` ՀՀ-ում ձեռնարկություն գրանցելու համար։ «Վեց գերատեսչությունների տվյալների բազաններն այսուհետեւ համադրելի են, եւ այստեղ նստած մասնագետները հնարավորություն ունեն դրանք համադրելու, եւ քաղաքացու վրա լրացուցիչ բեռ չի դրվի»,- ընդգծել վարչապետը եւ հավելել. «Սա ստեղծելու է ավելի բարենպաստ միջավայր ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու համար, քանի որ ձեռնարկության գրանցումից էլ հենց մեր քաղաքացիները մտնում են բիզնես դաշտ»:

Շնորհանդեսի ընթացքում  էլեկտրոնային եղանակով գրանցվել  է մեկ ՍՊԸ եւ մեկ անհատ ձեռնարկատեր: