2011 թ. առաջին երկու ամիսներին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մայրաքաղաքում արձանագրվել  է հանցագործությունների ընդհանուր թվի նվազում 11 դեպքով` 956-ից նվազելով 945-ի: Նման տվյալ է ներկայացրել լրագորղների հետ հանդիպմանը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը:

Ըստ Նազարյանի` 26 դեպքով (531-ից 505) նվազել են քրեական հետախուզության գծով հաշվառված հանցագործություները, այդ թվում՝  ծանր  հանցադեպերի  քանակն աճել է  23 դեպքով (329-ից 352),  առանձնապես ծանրերը  նվազելել են  6-ով   (17-ից11):

Մայրաքաղաքում է գրանցվել հանրապետությունում հաշվառված հանցագործությունների 50,8 տոկոսը, այդ թվում՝ ծանր դեպքերի 61,6   եւ  առանձնապես ծանրերի` 34,4 տոկոսը:

109 դեպքով (57-ից 166) աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման դեպքերը: 

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա երկու ամիսներին Երեւանում հայտնաբերվել եւ մերկացվել է 22 հանցավոր խումբ՝ 64 անձով, որոնց կողմից կատարվել է 78 հանցագործություն:

Վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում՝ Երեւան քաղաքում դիտավորյալ սպանությունների քանակը կտրուկ նվազել է: Այսպես,  ըստ Նազարյանի, 2008 թ. գրանցվել էր 40 դիտավորյալ սպանություն, 2009 թ.` 28, 2010 թ.` 15, իսկ ընթացիկ տարվա 2 ամիսների ընթացքում գրանցվել է ընդամենը  2 դեպք, որոնք բացահայտված են: