Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում` «Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց ժամը 22-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, պայթյուն է տեղ ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետեւանքով վնասվել է թիվ 45 համարի 0342Տ համարանիշի «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսին: Վնասվել են մեքենայի ապակիները:

Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ հարեւանությամբ կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 25 ՏՕ 387 համարանիշի ավտոմեքենան, ՎԱԶ-21010 մակնիշի 330 ԼՏ 53 համարանիշի մեքենան եւ եւս մեկ ԳԱԶԵԼ մեքենա:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այստեղ են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի եւ նրա տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները` փրկարարական ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ: 

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչները եւ տարածքի ԱԱԾ պետը` իր աշխատակիցների հետ, իսկ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները սկսեցին փորձագիտական աշխատանքներ իրականացնել: 

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքված անձինք իրենց զրույցներում նշում էին, որ 45 համարի երթուղին պատկանել է Ռոբերտ Քոչարյանի անվտանգության ծառայության պետ, հանգուցյալ Գրիշա Սարկիսյանին, ում մահից հետո երթուղին մաս-մաս են արել: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի