Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է որեւէ կերպ մեկնաբանել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ զենք ունենալ-չունենալու մասին տեղեկությունները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվեց մեկնաբանել Կճոյանի անվան հետ կապված նմանօրինակ լուրերը։ «Այս հարցի առնչությամբ ես որեւէ մեկնաբանություն այլեւս չեմ տա, ինձ համար այս ամենն անընկալելի է։ Թեմն ունի իր լրատվական բաժինը, եւ լավ կլինի, որ այս հարցերով դիմեք այնտեղ»,- խորհուրդ տվեց տեր Վահրամը։
Զանգահարեցինք Արարատյան Հայրապետական թեմ։ Հեռախոսը վերցրեց մի տղամարդ, ով լսելով Կճոյանի՝ զենք ունենալ-չունենալու մասին մեր հարցը, միանգամից ասաց, որ շաբաթ է, թեմը չի աշխատում, բայց ինքը կարող է այս առումով տեղեկություններ տալ։ Երբ հարցրեցինք, թե ում հետ ենք խոսում, տղամարդը խուսափեց նշել իր անունը եւ միայն ասաց,որ ինքը թեմի բանվորն է. «Կճոյանը զենք չունի, դա հերյուրանք է։ Նա հոգեւորական է, նրա մոտ զենքն ի՞նչ գործ ունի։ Նա, ով պատվիրել է Կճոյանի հասցեին նման հիմար բամբասանքներ գրել, նրանից էլ հարցրեք։ Ընկել են հոգեւոր առաջնորդների հետեւից»:
Նշենք,որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բացի թանկարժեք «Բենթլի» վարելուց, վարչապետից նաեւ զենք է նվեր ստացել։ «Հետքի» փոխանցմամբ, Արարատյան հայրապետական թեմը հաստատել էր Կճոյանի զենք ունենալու փաստը:





























