Ադրբեջանական կողմը մեծ հույսեր էր կապում ղարաբաղյան հակամարտության գոտում իրականացված ԵԱՀԿ գնահատման առաքելության հետ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը։

«Բոլորին հայտնի է, որ առաքելությունն իրականացվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ այս զեկույցից հետո, մեղմ ասած, Ադրբեջանում ոգեւորված չեն»,- ասաց Վահրամ Աթանեսյանը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կողմի արձագանքին, ապա, պատգամավորի խոսքով, համանախագահները հիմնականում օբյեկտիվ են եղել, սակայն զեկույցի բոլոր ձեւակերպումները չէ, որ դուր են գալիս ղարաբաղյան կողմին։ «Դա մանավանդ վերաբերում է ստատուս-քվոյի պահպանումը թույլ չտալուն։ Դրանով ակնարկ է արվում, որ գոյություն ունեցող իրողությունները չեն համապատասխանում տարածաշրջանի քաղաքական կայունությանը։ Մենք այդպես չենք կարծում»,- ընդգծեց Վահրամ Աթանեսյանը։

Նրա խոսքով, արդիական է մոնիթորինգի անցկացման հարցը ադրբեջանական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ Շահումյանի շրջանում, ինչպես նաեւ Մարտակերտի եւ Մարտունու որոշ հատվածներում։

Նշենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ն իրականացված ԵԱՀԿ գնահատման առաքելության վերաբերյալ զեկույցը Վիենայում ներկայացվել էր մարտի 24-ին։