Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այսօր` մարտի 26-ին այցելել է Ազատության հրապարակում հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ինքը` Քուշկյանը:
Նախարարը հետաքրքրվել է Հովհաննիսյանի առողջական վիճակով: Վերջինս, ի դեպ, աշխատանքային օրվա ընթացքում պարբերաբար հետազոտվում է պոլիկլինիկայի բժշկի կողմից, իսկ երեկոյան ժամերին առողջական ընթացքին հետեւում են շտապօգնության բժիշկները: Քուշկյանի այցը համընկել է առավոտյան զննության հետ, ինչն էլ իրականացվել է նախարարի ներկայությամբ: Հացադուլի վտանգավոր հետեւանքները ներկայացվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, առողջապահության նախարարը հորդորել է հանուն առողջության թողնել հացադուլը: Քուշկյանը իր այցի առնչությամբ ասել է. «Ուզում էի տեղեկանալ առողջական վիճակի մասին: Չնայած արդեն 11-րդ օրն էր, առույգ էր»:
Հարցին, թե որպես բժիշկ ինչպես է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը, Հարություն Քուշկյանը պատասխանել է` բավարար: Նա նաեւ նշել է, թե ինքնակամ է որոշել այցելել, ասել է. «Այո ես եմ որոշել: Հորդորել եմ թողնել հացադուլը, քանի որ օրգանիզմի համար արդեն վնասակար է երկարատեւ հացադուլը»:





























