Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղում «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել միջազգային կոնֆերանս։ NEWS.am-ին այս մասին հայտնեց Անհետ կորածների հարազատների խորհուրդ հասարակական կազմակերպության ղեկավար Ռիմա Առաքելյանը։
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում՝ կանանց վիճակը հակամարտությունների շրջանում, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 1325 բանաձեւի (կանանց հանդեպ սեքսուալ բռնությունների դեմ պայքար) կատարումը։ Ծրագիրը ղեկավարում է բելգիացի սենատոր Դոմենիկ Թիլմանսը։
Ծրագրի շրջանակներում մի քանի հանդիպումներ արդեն իսկ անցկացվել են։ Բաքվում կայացած հանդիպմանը Հայաստանի ներկայացուցիչը՝ Ռիմա Առաքելյանը, չէր կարողացել հայտնվել այն պատճառով, որ Ադրբեջանը շատ ուշ էր հաստատել անվտանգության երաշխիքները։
Նրա խոսքով, ներկայումս որոշվում է ԼՂՀ-ում անցկացվելիք կոնֆերանսին Ադրբեջանի ներկայացուցչի՝ «Ազերի-թյուրք» կանանց միավորման նախագահ Թանզիլ Ռուստամխանլիի մասնակցության հարցը։ Եթե ադրբեջանական իշխանությունները չխոչընդոտեն նրա այցին, հայկական կողմը պատրաստ է ապահովել ադրբեջանցի մասնակիցների անվտանգությունը։





























