Աուտիզմով հիվանդների թիվը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում 243 աուտիզմով հիվանդ երեխա կա:
«Վիճակագրական այս տվյալներն էլ ստույգ պատկերացում չեն տալիս հիվանդների թվի վերաբերյալ , քանի որ հաշվարկված են այն հիվանդները, որոնք բժշկի դիմել են: Շատերը իրազեկված չեն, շատերն էլ կոմպլեքսավորված են: Նրանք որեւէ քայլ չեն ձեռնարկում եւ դա ավելի է խորացնում հիվանդությունը»,- NEWS.am-ի Գյումրիի թղթակցի հետ զրույցում նշել է Գյումրիում գործող լոգոպետ Սեդա Սանոսյանը` ավելացնելով, որ տղա երեխաները 3-4 անգամ ավելի շատ են հիվանդանում այս հիվանդությամբ, քան աղջիկները:
«Որոնք են պատճառները, սա վիճելի է: Ոմանք համարում են սա ժառանգական, մյուսները ժխտում են: Ըստ ինձ` ժառանգական գործոնը այստեղ դեր ունենալ չի կարող, չկա ընդհանուր մոտեցում հիվանդության վերաբերյալ: Հիվանդությունը երեւան է գալիս 2.5 տարեկան հասակում, բարդության շրջանը 3-6 տարեկան հասակն է»,- նշել է բժիշկը:
Ըստ մասնագետների` եթե հիվանդությունը չի բուժվում, այն ավելի խորանում է: Երեխան ցուցաբերում է տարօրինակ վարքագիծ` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման դրսեւորմամբ:
Նշենք, որ Գյումրիում միայն հիվանդության ախտորոշման արժեքը 3 հազար դրամ է: Իսկ բուժման ընթացքում յուրաքանչյուր սեանսի կամ կոնսուլտացիայի համար ծնողը պարտադիր վճարելու է 3 հազարական դրամ:



























