Շիրակի մարզի 5 երթուղիներով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային ընկերությունները հրաժարվում են այս ուղղությունները սպասարկելուց: Մասնավորապես հրաժարվել են Արթիկ-Անուշավան-Գետափ-Գեղանիստ,Գյումրի-Գուսանա գյուղ,Գյումրի-Սալուտ-Բաշգյուղ-Փոքր Սարիար-Կաքավասար-Սարապատ-Ձորաշեն,Գյումրի-Վարդաղբյուր-Մուսայելյան-Հարթաշեն,Գյուրի-Ախուրյան ուղղությունները սպասարկող ընկերությունները:
Այս մասին NEWS am-ի Գյումրիի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման հանրային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբիկ Հարությունյանը:
«Դրանցից 4-ը ավտոբուսային երթուղիներ են, մեկը միկրոավտոբուսային: Շիրակի մարզպետարանը արդեն մեկ ամսից ավելի հայտարարություններ է հրապարակում մամուլում ու հեռուստատեսությամբ, հրավիրվում են տրանսպորտային ընկերություններ, որպեսզի սպասարկեն այդ ուղղությունները, սակայն նման ընկերություններ չեն հայտնվում: Բանն այն է, որ տրանսպորտային ընկերությունների համար ձեռնտու չէ, այդ ընկերությունները շահույթ չեն հետապնդում»,- նշել է նա:
«Ուղեւորները քիչ են, հարկերն ու տուրքերը`շատ, մենք էլ այնքան քիչ ենք վաստակում`ամիսը 50 հազար դրամի սահմանում»,- իրենց հերթին հավաստել են միջհամայնքային սպասարկում իրականացնող ավտոբուսների վարորդները:
Շիրակի մարզի ավելի քանի 15 գյուղերի բնակիչների կապը մարզկենտրոն Գյումրիի հետ կընդհատվի: Դրա համար Շիրակի մարզպետարանը խնդրին ժամանակավոր լուծում է տվել` այդ գյուղերի բնակիչների տրանսպորտային սպասարկումը միառժամանակ դնելով այլ ընկերությունների վրա:





























