ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դրական վերաբերվող թուրքերն ավելի շատ են, քան ԱՄՆ-ը բարեկամ երկիր համարողները, գրում է թուրքական Today’s Zaman-ը` ներկայացնելով Ստամբուլի վերլուծական կենտրոնի հարցման արդյունքները: Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի (TESEV) կողմից իրականացված հարցման արդյունքները դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել, սակայն մի քննարկման ժամանակ փորձագետները որոշ արդյունքեր ներկայացրել են:

Այսպիսով` հարցվածների միայն 26 տոկոսն է կարծում, որ ԱՄՆ-ը բարեկամական մոտեցում ունի Թուրքիայի նկատմամբ,  53 տոկոսն ունի հակառակ տեսակետը: Մյուս կողմից` հարցվածների  76 տոկոսը հավատում է, որ Թուրքիան ԱՄՆ-ին բարեկամաբար է վերաբերվում, եւս 76 տոկոսն ասել է, որ Օբամայի վարչակազմը դրական ներդրում ունի ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների երկկողմ հարաբերություններում:

Միաժամանակ հարցվածների  53 տոկոսը ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետագա հարաբերությունների համար դրական հեռանկար է տեսնում, եւ միայն  24 տոկոսն է հոռետես այդ հարցում:

Հարցվածների  52 տոկոսը  գոհունակություն է հայտնել Թուրքիայի ներկա արտաքին քաղաքականությունից, իսկ 72 տոկոսի կարծիքով «Թուրքիան կարող է Մերձավոր Արեւելքի երկրների համար օրինակ դառնալ»: