Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին, խորհրդի մի խումբ անդամների եւ տարբեր բուհերի դասախոսների:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել բանակ-հասարակություն կապերի խորացմանը: Այս համատեքստում նախագահը ողջունել է տարբեր զորամասերում հանդիպումներ անցկացնելու նախաձեռնությունը` այն համարելով պահանջված ու հրատապ:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ նման միջոցառումները պետք է կազմակերպվեն պարբերաբար եւ կրեն շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:





























