Երեւանի Շիրակ հյուրանոցում տեղավորված մի խումբ իրանցի զբոսաշրջիկներ տաքսիով ժամանել են հյուրանոց եւ փորձել խլել տաքսու վարորդի բջջային հեռախոսը:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին` ժամը 00:20-ի սահմաններում հենց Շիրակ հյուրանոցի դիմաց:
Տաքսու վարորդը պատմեց, որ իրանցիները հյուրանոցի մոտ իջնելու եւ մանրը ստանալու ժամանակ պահանջել են հազար դրամ ավել տալ, ինչին վարորդը ընդդիմացել է: «Երբ ես վերադարձնում էի Իրանցի զբոսաշրջիկների ուղեւարձի մանրը, նրանցից մեկը պահանջեց, որ իրեն հազար դրամ ավել վճարեմ, սակայն ես մերժեցի: Այդ պահին իրանցի զբոսաշրջիկը արագ վերցրեց իմ բջջային հեռախոսը եւ փորձեց հեռանալ: Ես բռնեցի նրա թեւն ու ստիպեցի վերադարձնել հեռախոսը»,-հուզված պատմեց վարորդը` շեշտելով, որ իրանցիները մի քիչ զգաստացան, երբ շուրջն անցորդներ հավաքվեցին եւ սկսեցին հետաքրքրվել տեղի ունեցածով:
Իրանցի զբոսաշրջիկները հասկանալով իրենց քայլի հետեւանքները` վերադարձրեցին հեռախոսը եւ արագ մտան հյուրանոց:





























