Առնվազն 214 մարդ է ձերբակալվել մարտի 26-ի երեկոյան Լոնդոնի կենտրոնում անկարգություններին մասնակցելու համար: Դրանք սկվսել են բյուջետային ծախսերի կրճատման դեմ բողոքի ակցիայից հետո:
Ըստ ականատեսների` ոստիկանները կրակել են հրթիռանետ ատրճանակներից, սակայն կարգազանցների եւ իրավապահների միջեւ բախումներ չեն եղել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել էր, որ իրավիճակը վերահսկվում է, մարդիկ ցրվում են, հաղորդում է Lenta.ru-ն:
Հաղորդվել էր, թե միջադեպի արդյունքում տուժել է չորս ոստիկան, սակայն դեռեւս ստույգ տվյալներ չկան:
Նշվում է, որ անկարգությունները հրահրվել են մի քանի հարյուր երիտասարդների կողմից, ովքեր ջարդել են խանութների, բանկերի ցուցափեղկերը, բանկոմատները:
Ոստիկանության տվյալներով` անկարգությունների մասնակիցները կապ չունեն բողոքի ակցիայի կազմակերպիչների հետ: Մարտի 26-ի ցերեկվա ընթացքում պրոֆմիությունների եւ UK Uncut կազմակերպության նախաձեռնությամբ մոտ 500 հազար մարդ է դուրս եկել փողոց` բողոք հայտնելով Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից բյուջետային ծախսերը կրճատելու որոշման դեմ: Ակցիան վերջին ութ տարվա ընթացքում ամենախոշորն է եղել եւ ընդհանուր առմամբ խաղաղ է անցել:





























