Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին պատկանող Սիտանո Ֆերնանդո նժույգը մրցանակային տեղ է զբաղեցրել շաբաթ օրը Դուբայում ավարտված հեղինակավոր ձիարշավում:

«Սիտանո Ֆերնանդոն վեցերորդն է «Աշխարհի գավաթ. Դուբայ - 2011»-ի համար պայքարում: Սա շատ լավ արդյունք է, եթե հաշվի առնենք, որ ռուսական նժույգները նոր են միայն սկսել յուրացնել Դուբայի ձիարշավի առանձնահատկությունները, որը համարվում է աշխարհում ամենահեղինակավորը», -հայատարարել է Ռամզան Քադիրովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Առաջին երկու տեղերը զբաղեցրել են Ճապոնիայից բերված նժույգները:

«Իհարկե, բոլորս կցանկանայինք, որ մեր նժույգը լիներ առաջինը: Բայց հոգուս խորքում նաեւ ուրախ եմ, որ հենց ճապոնական ձիերը դարձան առաջինները, քանի որ սա եւս աջակցություն  կարող է լինել ահավոր ողբերգություն ապրած ժողովրդի համար», - ասել է Չեչնիայի նախագահը:

Նա նաեւ վստահություն է հայտնել , որ ձիասպորտը Ռուսաստանում պետք է լուրջ աջակցություն ունենա:

Արշավի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է $10 մլն: Ռուսաստանյան նժույգը    վեցերորդ տեղի համար ստացել է $200 հազար: