Սյունիքի մարզում մարտի 27-ին, ժամը 6-ի սահմաններում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կապանի բնակիչ, 28-ամյա Մխիթար Բաղդասարյանը, վարելով Honda-Oddisey մակնիշի 14 ՕԼ 551 համարանիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 181/5կմ հատվածում շրջադարձի կենտրոնից դուրս է եկել աջ կողնակ, ընդհարվել ճանապարհի կողքի թեք տարածությանը եւ վթարի ենթարկվել:

Վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 26-ամյա Մոհամմադ Եբրահիմի Գումեզհեշմեինը տեղում մահացել է: Իսկ ավտոմեքենայում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության մյուս ուղեւորները, 27-ամյա Մահամմադ Հոսեյին Ամմադալիի Ամեյնին, 22-ամյա Վահիդ Համիդի Պակզադին, 26-ամյա Մոռտեզա Ալի Ասկյարի Կամալին, 26-ամյա Իսմայիլ Ալեի Մոհամմադյանին, 26-ամյա Մաջիդ Մանդիի Մալեկինը ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ եւ տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արա Ջավադյանը: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի տուգանային հրապարակ: Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: