Բահրեյնի Թագավորությունում ընդդիմությունն ընդունել է Քուվեյթի միջնորդությունը` երկրիրը ճգնաժամից դուրս բերելու հարցով կառավարության հետ բանակցություններում: Հարեւան երկրի միջնորդական ծառայությունների ընդունման մասին այսօր հայտարարել է Բահրեյնում շիաների ամենաազդեցիկ «Ալ Վաֆիկ» քաղաքական միավորման անդամ Ջասեմ Հուսեյնը:

«Մենք ողջունում ենք իրավիճակի կարգավորման հարցում արտաքին տարրի ներգրավման գաղափարը »,-ասել է նա  «Ռոյթեր»  գործակալությանը տված հարցազրույցում:

Նա նշել է, որ միջնորդության առաջարկը եղել է Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Սաբահի կողմից:

«Ալ Վաֆիկի» ներկայացուցիչն ասել է, որ շարժումը բանակցությունների մեկնարկի վերաբերյալ որեւէ նախապայման չունի, սակայն զգուշացրել է, որ Բահրեյնում օտարերկրյա ուժերի ներկայութունը բարդ պահ կստեղծի քննարկումների ընթացքում: Հիշեցնենք, որ Բահրեյնի թագավորի խնդրանքով երկրում են գտնվում ռազմական ստորաբաժանումներ հարեւան երկրներից` Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Քուվեյթից: