Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, մարտի 27-ին աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ահմադինեժադի հետ: Նա նախ շնորհավորել է Իրանի նախագահին եւ Իրանի ժողովրդին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ եւ իր ու ամբողջ հայ ժողովրդի անունից հղել բարեմաղթանքներ:
Հանդիպման ընթացքում նախագահներ Սարգսյանը եւ Ահմադինեժադը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահները կարեւորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը, անդրադարձել՝ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին:
ԻԻՀ նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը, Թեհրան ժամանած այլ երկրների ղեկավարների հետ, «Վահդաթ» համալիրում մասնակցել է Նովրուզի տոնակատարությանը եւ հանդես եկել շնորհավորական խոսքով: