Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում,  Նովրուզի տոնակատարության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Երկրի ղեկավարն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ ներկա գտնվել Նովրուզի միջազգային երկրորդ տոնակատարության այս գեղեցիկ եւ հիրավի խորհրդանշական արարողությանը:

Նովրուզի տոնն իր գեղեցիկ ու բարի ավանդույթներով եւ ծեսերով հազարամյակների ընթացքում յուրաքանչյուր գարուն նշվում է մեր տարածաշրջանում` ջերմ ու բարեկամական մթնոլորտում միավորելով տարբեր ժողովուրդների:

«Նովրուզ» բառն իր մեջ խորհուրդ ունի։ Այն նշանակում է «նոր օր», ինչն ազդարարում է գարնան գալուստը, կյանքի զարթոնքը: Հենց այդ օրերին է, որ բնությունն իսկապես արթնանում է, եւ ամեն ինչ սկսվում է նորից. ահա թե ինչպես է հնագույն քաղաքակրթություն ունեցող Իրանի ժողովուրդը պատկերել ու արժեւորել կյանքի հավերժականությունը։ Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների հոգեկերտվածքում գարունը սկիզբ է, գարնան գալուստը կյանքի նոր էջ է բացում։ Գեղեցիկ է այս տոնը` որպես մարդկային կյանքի՝ բնության հետ ներդաշնակության արտահայտություն: Այն նաեւ ուրույն դեր է խաղում մարդկային շփումներն ու կապերը ակտիվացնելու եւ, ընդհանրապես, խաղաղությունն ու համերաշխ գոյակցությունն ամրապնդելու գործում: Իր մեջ պարունակող համերաշխության, բարեկամության եւ համախմբման մեծ ներուժի արտացոլումն է նաեւ այսօրվա վեհաշուք հավաքը «Վահդաթ»` «Միասնականություն» անվանումը կրող այս հիասքանչ սրահում:

Հարուստ ավանդույթներով այս հրաշալի տոնը չի վրիպել նաեւ համաշխարհային հանրության տեսադաշտից: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից Նովրուզի ճանաչումը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դրա գրանցումը` որպես Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն, դրա իսկական վկայություններն են: Ուղիղ մեկ տարի առաջ նախագահ Ահմադինեժադի գլխավորած կառավարության նախաձեռնության եւ ջանքերի շնորհիվ այսօր գերազանց առիթ է ընձեռվել միմյանց հանդիպելու, շփվելու եւ ամենայն բարիք մաղթելու` արժեւորելով համամարդկայինը, տիեզերականը, որ միավորում է մեզ: Այս հավաքը նաեւ տարբեր քաղաքակրթությունների միջեւ երկխոսության, միջմշակութային համագործակցության եւ փոխըմբռնման խրախուսման գեղեցիկ դրսեւորում է:

Գարնանային զարթոնքի ծեսը հոգեհարազատ է նաեւ մեզ` հայերիս։ Տյառնընդառաջը, որ հայկական հնագույն տոներից է, ավանդույթի համաձայն նշվում է փետրվարի 14-ին: Թեեւ տոնը ձմռանն է, սակայն այդ օրն արդեն զգացվում է գարնան շունչը, եւ, ըստ մեր պապերի հնագույն պատկերացումների, տոնը մեղմում է ցուրտը եւ ազդարարում գարնան սկիզբը։ Տոնը խորհրդանշում է լույս, ջերմություն, երիտասարդություն, սեր, պտղաբերություն եւ օրհնանք է բերում նորապսակ զույգերին:

Բացի այդ, 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն աշխարհում առաջինն ընդունած մեր հավատավոր ժողովրդի գլխավոր տաղավար տոնը Սուրբ Զատիկն է` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը, եւ ակնհայտ է նրա ծիսակարգի նմանությունը Նովրուզի ծեսերի հետ: Տոնի ընթացքում հայերն էլ իրենց տոնական սեղանները զարդարում են հավիտենականության խորհրդանիշը հանդիսացող գունավոր հավկիթներով եւ բնության վերածնունդի խորհուրդն արտահայտող նորածիլ բույսերով:

Սրանք ընդամենը մի համեստ օղակն են ընդհանրությունների այն մեծ շղթայի, որը դարերի ընթացքում ձեւավորվել է Հայաստանի, Իրանի եւ մեր տարածաշրջանի այլ ժողովուրդների միջեւ։ Հենց դրանք են կազմել հայ¬իրանական դարավոր դրացիության ու բարեկամության ամուր հիմքերը, որ Հայաստանի անկախացումից ի վեր վերածվեցին երկու պետությունների միջեւ լիարժեք գործընկերային միջպետական հարաբերությունների։

Հարգելի՛ բարեկամներ,

Հայաստանի եւ Իրանի բարիդրացիական հարաբերություններն իսկապես օրինակելի են: Մեր բարեկամությունը, իրանական միջավայրում հայկական ծաղկուն համայնքի ներկայությունը քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների համագործակցության եւ փոխադարձ հարստացման լավ օրինակ է: Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը բարեկամության, հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, մշակութային երկխոսության պատմություն է:

Օգտվելով տոնական այս հիասքանչ միջոցառման ընձեռած գեղեցիկ հնարավորությունից` ցանկանում եմ Նովրուզի շնորհավորանքներ հղել Իրանի Իսլամական Հանրապետության Հոգեւոր առաջնորդին, Իրանի նախագահին, այսօր մեզ հետ ներկա գտնվող մյուս նախագահներին եւ բոլոր ներկաներին: Շնորհավորանքս եմ հղում նաեւ Իրանի բարեկամ ժողովրդին եւ բոլոր նրանց, ովքեր նշում են այս տոնը եւ ընդհանրապես բոլոր նրանց, ովքեր արժեւորում են տոնի խորհուրդները՝ բարությունը, սերը, ծնունդը, խաղաղությունը:

Մաղթում եմ բարգավաճում եւ խաղաղություն մեր տարածաշրջանին ու համայն աշխարհին»: