«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավար Տատյանա Ֆելգենհաուերը մարտի 27-ին եթերում հյուրընկալել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ մի շարք հարցերի թվում հետաքրքրվել, թե ինչիպիսի՞ն են նրա հարաբերությունները Հայաստանի նախագահի արարողակարգի պետի հետ։ Քաղաքապետը, չկասկածելով իր նախորդի սկանդալային հեռացման հետ առնչվող հարցի նպատակը, ժպտալով պատասխանել է. «Իսկ դա ի՞նչ կապ ունի»։
Լրագրողը նկատել է, որ «Երեւանի քաղաքապետի համար դա երբեմն կարող է ճակատագրական լինել»։
Լուրջ հարցազրույցի տրամադիր քաղաքապետը պատասխանել է. «Լավ։ Երբեք չեմ մտածել։ Շատ սովորական աշխատանքային հարաբերություններ։ Իսկ նախագահի արարողակարգի պետի հետ հարաբերությունները քաղաքապետի վրա ազդում են, թե` ոչ, վստահ չեմ»։
Հաղորդավարի դիտարկումը տաղավարում ծիծաղ է առաջացրել։ «Եթե հիշենք Ձեր նախորդին, ապա կարող են ազդել»,- նշել է նա։
«Ազնվորեն, ես նույնիսկ չմտածեցի, թե որտեղից է գալիս Ձեր հարցի նենգությունը»,- հետեւել է Կարապետյանի պատասխանը եւ ծիծաղելով ավելացրել. «Շատ լուրջ հարցազրույցի էի նախապատրաստվել»։
Նշենք, որ Կարեն Կարապետյանի նախորդը՝ Գագիկ Բեգլարյանը, պաշտոնաթող էր եղել նրանից հետո, երբ լրատվամիջոցների տվյալներով, ծեծի էր ենթարկել Հայաստանի նախագահի արարողակարգի պետ Արամ Կանդայանին։ Ամեն բան տեղի էր ունեցել Պլասիդո Դոմինգոյի՝ դեկտեմբերի 8-ին Երեւանում կայացած համերգից հետո։
Դեկտեմբերի 17-ին Երեւանի ավագանու խորհուրդը ընտրել էր նոր քաղաքապետի՝ «ՀաՌուսգազարդ» ընկերության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























