Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել մոտ ապագայում ԱՄՆ-ի եւ Իրանի նախագահների հանդիպման մասին: Այս մասին նա հայտարարել է Բիարիցում Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Ըստ նրա՝ G-7-ի ղեկավարները համաձայնել են, որ Իրանը պետք է կատարի իր միջուկային պարտավորությունները, եւ դիվանագիտական բեկման հույս կա, հայտնում է Reuters-ը:

Մակրոնը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում շաբաթվա ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման համար ՝ խնդրի լուծումը գտնելու համար:

«Մեզ համար երկու բան շատ կարեւոր է. Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, եւ այս իրավիճակը չպետք է սպառնա տարածաշրջանային կայունությանը», - ասել է նա:

Նա նշել է, որ քննարկումներ են ընթանում Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների գագաթնաժողովը կազմակերպելու հարցով: «Հուսով եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում, այս բանակցությունների հիման վրա, մենք ականատես կլինենք Ռոհանիի եւ Թրամփի հանդիպմանը»:

Սպասվում է, որ Թրամփը եւ  Ռոհանին Նյու Յորքում սեպտեմբերի վերջին կլինեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: