Եթե Ամուլսարի ռիսկերի կրկնակի գնահատման արդյունքները հակասեն նախորդին, ապա Շրջակա միջավայրի նախարարության ղեկավարությունը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ պատասխանատվություն է կրում հակասությունների համար: Այս մասին օգոստոսի 27-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հանրությանը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելիս դժվար է Ամուլսարի հարցում լուծման հասնել, այսօր Հայաստանում որեւէ հարցով ոչ մի կառուցողական քննարկում չի տարվում: «Մենք Ամուլսարի հարցում բացասական դիրքորոշում ենք հայտնել: Դրանից բացի, նախընտրական շրջանում մենք այցելել էինք Ջերմուկ եւ հանդիպել մարդկանց հետ, որոնք հերթապահում էին հանքավայրի մատույցներում, նրանց աջակցություն էինք հայտնել»,- հավելեց նա:
Մարուքյանը նշեց, որ հարցեր է առաջացնում «Էլարդ» ընկերության ընտրության հարցը, որի փորձը լեռնահանքային արդյունաբերության ոլորտում նույնպես հարցեր է առաջացնում: «Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա չեմ կարծում, որ նոր Հայաստանում երկրի զարգացման հայեցակարգը պետք է կապվի լեռնահանքային արդյունաբերության հետ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ իշխանությունները մի կողմից հայտնվել են հնարավոր արբիտրաժի վտանգի առաջ, մյուս կողմից՝ երկիրը բնապահպանական ճգնաժամի մեջ մտցնելու վտանգի առաջ, եւ հարցը պետք է լուծել առանց իշխանությունների հեղինակությունը վնասելու:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշնյանն այցելել էր Ջերմուկ, հանդիպել քաղաքի բնակիչների հետ: Քաղաքացիներ մեծ մասը հանդես էր եկել ընդդեմ լեռնահանքային արդյունաբերության: Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, որ հանձնարարել է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար, թե արդյոք շրջակա միջավայրի վրա ազդեցության լրացուցիչ գնահատում անցկացնելու անրաժեշտություն կա:











