Իրանում երկու մարդ դատապարտվել է ավելի քան 10 տարվա բանտարկության Մոսադի հետ համագործակցության պատճառով, տեղեկացնում է Fars-ը։

Ինչպես տեղեկացրել է Իրանի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գոլամհոսեյն Էսմաելին, նրանցից մեկը՝ Ալի Ջոհարին, «սիոնիստների լրտեսն է, կապեր է ունեցել Մոսադի հետ, լայն կապեր ունի տարբեր երկրներում, անգամ միջոցներ է ձեռնարկել այդ պետությունների քաղաքացիություն ստանալու համար, իսկ նրա գործունեությունը կենտրոնացած է եղել թունելների շինարարության վրա»։

Իրանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացուհի Անուշ Աշուրին, նրա խոսքով, կապված է եղել Մոսադի լրտեսական ծառայության հետ եւ նրան տեղեկություններ է փոխանցել։ Երկուսն էլ դատապարտվել են 10 տարվա ազատազրկման լրտեսության համար եւ 2 լրացուցիչ տարվա՝ վատնած միջոցների եւ ուղեւորությունների գումարների ծախսման համար։