Թեհրանը շուտով պատժամիջոցային ցուցակի մեջ կմտցնի մարդկանց, որոնց գործունեությունը կապված է ամերիկյան Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շուտով մարդկանց առաջին խումբը, որոնց գործունեությունը կապված է Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի հետ, կավելացվի պատժամիջոցային ցուցակի մեջ, որը կփոխանցվի համապատասխան մարմիններին, ներառյալ դատական համակարգին»,- ասել է Մուսավին:
Նա ասել է, որ «Իրանն այդ հիմնադրամը դիտարկում է որպես կազմակերպություն, որը զբաղված է իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ տնտեսական ահաբեկչության եւ այլ թշնամական գործողությունների մշակմամբ ու իրականացմամբ»: «Առաջին ցուցակը ներառում է տարբեր ազգությունների ներկայացուցիչների, որոնք կարեւոր դերակատարում ունեն հիմնադրամի Իրանի դեմ ուղղված գործունեության մեջ»,- շեշտել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Իրանը օգոստոսի 24-ին հայտարարել էր ամերիկյան Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը եւ նրա ղեկավար Մարկ Դուբովիցին պատժամիջոցային ցուցակ ընդգրկելու մասին: Իրանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է մարդու իրավունքների խախտումների եւ տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի օրենքի շրջանակում:
Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը քաղաքական ինստիտուտ է, որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է: Կազմակերպության կարեւոր նախագծերից մեկն է «Իրանական ծրագիրը»: Հիմնադրամի փաստաթղթերի համաձայն՝ դրա նպատակն է «ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար Իրանից բխող սպառնալիքին դիմակայելը»:





























