ԵՄ-ը կպաշտպանի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունները, բայց միայն այն դեպքում, եթե Իրանի միջուկային համաձայնագիրը պահպանվի։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում է AFP-ն։

Մոգերինին զգուշորեն ողջունել է բանակցությունների գաղափարն այն բանից հետո, երբ երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։

«Մենք միշտ բանակցությունների կողմնակից ենք, որքան ավելի շատ են մարդիկ խոսում, այնքան ավելի լավ են հասկանում միմյանց»,- ասել է Մոգերինին՝ մեկնելով Հելսինկի։

Նա նշել է, որ «առաջին հերթին անհրաժեշտ է պահել այն, ինչ կա»՝ նկատի ունենալով իրանական միջուկային համաձայնագիրն ու ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ «Մենք միշտ հանդես ենք գալիս ՄԱԿ ԱԽ բանաձեւերի հարգման օգտին»,- ասել է նա։

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը Թեհրանին բանակցությունների կոչ էր արել, բայց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել էր, որ Վաշինգտոնը պետք է հարգի  համաձայնագիրը եւ դադարեցնի «տնտեսական ահաբեկչությունն» Իրանի դեմ։

Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը ողջունել է «երկխոսության մեծ պատրաստակամությունը» եւ կոչ արել Իրանին մասնակցել դրան։ «Ներկայում դա գործնական իրականացման հարց է, որպեսզի յուրաքանչյուրը ներդնի իր ավանդը, ներառյալ Իրանը, ինչը կհանգեցնի լիցքաթափմանը տարածաշրջանում»,- ասել է Մաասը։