Հայաստանը 2011թ-ին կունենա արտահանման ծավալների աճ: Կենտրոնական բանկի եւ Կառավարության ձեռնարկած միջոցառումները հնարավորություն կտան արդեն ամառվա սեզոնից նկատել, որ գների մակարդակը Հայաստանում նվազում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ հավելել. «Մենք հույս ունենք, որ տարին կավարտենք 6 տոկոսանոց գնաճով, այսօրվա 12 տոկոսի փոխարեն»:
Հարցին, կարելի է արդյո՞ք ակնկալել գների նվազում` հաշվի առնելով, որ այս գյուղատնտեսական տարին հաջող է համարվելու, վարչապետը պատասխանել է. «Բնականաբար, եթե գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճի նախորդ տարվա հետ համեմատ 10 տոկոսով, դա նշանակում է, որ գյուղմթերքների գներն անցած տարվա վարքագիծը չեն ունենա: Մյուս կողմից էլ մեր գյուղացիները շահագրգռված չեն իրենց ապրանքն էժան վաճառել նախորդ տարվա համեմատ: Ապրանքների գների բարձրացումն ունեցել է նաեւ հետեւյալ էֆեկտը` գյուղատնտեսության ոլորտում ներդրումները 2010-2011թվականներին ավելացել են»:
Սարգսյանը նշել է, որ կրկնապատկվելու է ձկան արտահանումը: «Եթե նախորդ տարի մենք արտահանել էին 400 տոննա ձուկ, ապա այս տարի ակնկալում ենք 800 տոննայի արտահանում: Գների այս մակարդակը, գյուղատնտեսության ոլորտում բերելով լրացուցիչ ներդրումներ, նպաստելու է նրան, որ ավելանան ծավալները»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Մյուս կողմից` մեր նպատակն է խթանել, որ այդ գյուղմթերքները հնարավոր լինի արտահանել Հայաստանից: Այն ընկերությունները, որոնք նմանատիպ ծրագրեր են ներկայացրել Կառավարությանը, ստացել են հարկային արտոնություններ»:





























