Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր` մարտի 28-ին  ընդունել է Ժնեւի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակությանը եւ քննարկել 2012-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հայտարարելու հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ից մայիսի 3-ը Ժնեւի գրքի միջազգային ցուցահանդես-վաճառքին Երեւանը ներկայացվելու է որպես 2012 թվականի գրքի համաշխարհային մայրաքաղաք: Կարեւորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012 թվականին գրքի մայրաքաղաք հայտարարելու որոշումը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս առիթը լավագույնս կօգտագործվի գիրքը քարոզելու համար, հատկապես հաշվի առնելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տպագիր գրքի դերը գրեթե դուրս է մղվում առօրյայից: Ըստ այդմ,  միջոցառումները լինելու են բազմաթիվ ու բազմաշերտ. «Փնտրելու ենք նաեւ ճարտարապետական լուծումներ՝ նպաստավոր պայմաններ ապահովելով գրքի վաճառքը կազմակերպելու համար»,- նշել է քաղաքապետը: Ընդգծելով Ժնեւի ցուցահանդեսին Երեւանի մասնակցության կարեւորությունը՝ քաղաքապետը շեշտել է, որ կարվի ամեն ինչ Հայաստանի մայրաքաղաքն ըստ արժանվույն ներկայացնելու համար: 

Ժնեւի գրքի միջազգային ցուցահանդեսի պատվիրակության ղեկավար Պատրիկ Ֆեռլան գոհունակություն հայտնելով ցուցահանդեսում Հայաստանի ներկայացվածության կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ ձեռնարկվելիք միջոցառումները իրոք կարող են նպաստել գրքի նկատմամբ հատաքրքրության բարձրացմանը, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն ունի մշակութային հարուստ փորձ: