Վլադիվոստոկ քաղաքի հայկական համայնքի մշակույթի կենտրոնում մարտի 25-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օ.Եսայանը ՀՀ նախագահի անունից արցախյան ազատամարտի հերոս, ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչի մորը՝ Լյուբով Մոտրիչին, հանձնել է «Արիության» մեդալը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնման արարողությունից առաջ դեսպանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի ծագման նախապատմությունն ու խոսեց 90-ականներին ազգային ազատագրական շարժման վերսկսման շարժառիթների մասին:
Եսայանը ողջ հայ ժողովրդի խորին շնորհակալությունը հայտնեց ռուս կամավորի մորը՝ վստահեցնելով, որ Արցախն ու հայ ժողովուրդը չեն մոռացել նրա որդու սխրագործությունը: Իր խոսքում Օ.Եսայանն ասել է. «Ես ծնունդով Արցախի Մարտունու շրջանից եմ եւ այս մեդալի հանձնումը, որի մեջ յուրաքանչյուր հայի երախտագիտության մասնիկն է, ինձ համար մեծ կարեւորություն ունի: Շնորհիվ Դիմա Մոտրիչի հերոսական քայլերի թշնամու հարձակումը ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ կանգնեցվեց: Դիման եւ իր ընկեր-կամավորները հայ ժողովրդի հետ միասին հավատացին ընտրած ճանապարհի ճշմարտացիությանը եւ իրենց սխրագործություններով ձեռք բերեցին անմահություն մեր սրտերում եւ վերածնված Արցախի պատմության էջերում: Նրանց համար այս պատերազմը պատվի եւ գաղափարի համար պայքար էր»:
Ռուս կամավոր Դմիտրի Մոտրիչը Վլադիվոստոկ քաղաքից 90-ականներին սրտի կանչով թողել է հայրենի տունն ու մեկնել Ղարաբաղ, որպեսզի օգնի հայ ժողովրդին եւ նրա հետ միասին պայքարի հանուն հայերի անկախության: Առաջին իսկ մարտից մինչեւ ողբերգական մահը Դմիտրին դարձավ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ փոխօգնության խորհրդանիշ:
«Արիության» համար մեդալով պարգեւատրվում են հայրենիքի պաշտպանության ժամանակ անձնական խիզախության համար: Այս առիթով դեսպան Օ.Եսայանը հավելեց, որ Հայաստանն ու ազատագրված Արցախը Դիմտրի Մոտրիչի եւ նրա ընտանիքի համար այլեւս երկրորդ հայրենիք են:
Միջոցառումը շարունակվել է Դմիտրի Մոտրիչին նվիրված ռեժիսոր Ա.Թովմասյանի «Կամավորը» ֆիլմի ցուցադրությամբ:





























