Մի քանի օր է, ինչ իշխանական եւ իշխանամերձ թևերից գրոհներ են սկսվել Ամուլսարի հարցով Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի վրա։ Կասկածներ կան, որ նա իր իրավունքները գերազանցել է՝ պնդելով, թե բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ Նաեւ տեղեկություններ հրապարակվեցին կրկին իշխանական թեւի լրատվամիջոցից, որ Իվանյանը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է, իսկ այդ նախարարի օրոք՝ 2016-ին, հաստատվել էր շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը, որ իրականացրել էր «Լիդիանը»։ Այսօր արդեն Իվանյանի մեղավորության թեզը հասավ Skype-կոնֆերանս։ Վարչապետը, կառավարության անդամները եւ պատգամավորներ «Էլարդի» փորձագետների հետ քննարկում էին նրանց ուսումնասիրության արդյունքները։ Ներկա էին նաեւ «Լիդիանի» ներկայացուցիչները։ Շրջակա միջավայրի նախարարի հարցից, թե ինչու է «Էլարդը» անդրադարձել նաեւ մեղմման միջոցներին, երբ այդպիսի պատվեր չի եղել, կծիկը բացվեց հասավ Իվանյանին։
«Էլարդի» փորձագետները ուշագրավ տեղեկություն հայտնեցին, ըստ նրանց՝ «Լիդիանի» իրականացրած փորձաքննության մեջ կան թերի տվյալներ, ավելին՝ նրանց գնահատականը ձախողված է մի քանի ուղղություններով։ Սա դուր չեկավ «Լիդիանի» ներկայացուցչին։
Փաշինյանը նորից հիշեց Իվանյանին՝ եթե կան թերի տվյալներ, ինչու էիք կարճում քրեական գործը։
Կոնֆերանսից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ այդ քննարկումը կարեւոր տեղեկատվություն է պարունակում՝ պատասխանելու հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնենք, որ դրա վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը:
Երեկ երեկոյան «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ երկար մտորումներից հետո որոշել է հրաժարվել մանդատից։ Նա հավաստիացրեց, որ այդ որոշման պատճառները անձնական տիրույթում են, ինքը հասկացել է, որ քաղաքական գործչի մի քանի կարեւորագույն հատկանիշներ իր մեջ բացակայում են, եւ ամենայն հավանականությամբ կվերադառնա իր նախկին գործին՝ ՏՏ ոլորտ։ Էդգար Առաքելյանը նաեւ հայտարարել է, որ շարունակելու է սատար կանգնել հեղափոխական թիմին, եւ ընդգծել է, որ սա դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որևէ այլ գործընթացի դեմ։ Չնայած այս հավաստաիցումներին, մամուլի տեղեկություններով, իրականում հենց այս պատճառներով է Առաքելյանը հրաժարականի որոշման հանգել։ Բանն այն է, որ ՔՊ վարչության վերջին նիստին պատգամավորը խիստ զայրացել էր, երբ քննարկել էին մի շարք խնդրահարույց հարցեր՝ այդ թվում Ամուլսարի հարցը, Ստամբուլյան կոնվենցիան, և նշել, որ միակարծություն չկա: Առաքելյանը ասել էր, որ միակարծությանը կողմ չէ, ինքն ունի իր կարծիքը և ոչ ոք չի կարող ասել՝ ինչ անի: Ըստ երեւույթին այս թեժ զրույցներից հետո էլ էդգար Առաքելյանը որոշել է թողնել մանդատը:
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կալանավորվեց։ Դատարանը այսօր՝ օգոստոսի 30–ին, բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը և որոշում կայացրել երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը հաստատել է քննիչի միջնորդությունը․ Գագիկ Խաչատրյանը եւս կալանավորվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը․ Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել։
Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը 56 երիտասարդի կրթաթոշակ է տվել՝ դրսի համալսարաններում սովորելու համար։ 27 աղջիկ եւ նույնքան տղա կսովորեն 8 երկրների համալսարաններում՝ Եվրոպայում, Ամերիկայում եւ Ավստրալիայում։ Ի դեպ, «Իմ քայլի» փողերով կրթություն կստանա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին նախագահի թոռը։ նա կսովորի Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում։
Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Օգոստոսի 31-ին տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Կայծակի ժամանակ հնարավոր է՝ քամու ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +26+28:
Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 579, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 17 դրամ։











