Հայաստանն այս տարի կընդունի ազատ տնտեսական գոտու մասին օրենքը եւ Զվարթնոցում կստեղծվի ազատ տնտեսական գոտի: Այդ մասին մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում լինելու է սառնարանային տնտեսության բացումը: «Ազատ տնտեսական գոտու մասին օրենքը Կառավարությունը հաստատել է նախորդ տարի եւ ուղարկել է Ազգային ժողով, որտեղ քննարկման փուլում է: Այս տարի այն կընդունվի եւ մենք: Էական նշանակություն ունի գյուղատնտեսության համար ապրանքի իրացումը, մթերումների կազմակերպումը: Դա նշանակում է, որ մեծ ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն մթերող, վերամշակող կազմակերպությունները: Մենք մտադիր ենք օգնել շուրջ 12 մթերող կազմակերպությունների, որպեսզի այս տարի նրանք կարողանան մթերումները նորմալ կազմակերպել»,- նշել է Սարգսյանը:

Վարչապետը նշել է, թե ակնկալում է, որ այս տարի կրկնապատկվելու է պտուղ-բանջարեղենի արտահանումը Հայաստանից, որովհետեւ կան խոշոր ընկերություններ, որոնք ստացել են կառավարության կողմից արտոնություն եւ զբաղվելու են գյուղմթերքների արտահանմամբ: «Երկրորդը` մենք էապես պարզեցրել ենք փոքր ու միջին ձեռնարկությունների համար մինչեւ 2.5 հազար տոննա ապրանքի արտահանումն ու մաքսակետերում բոլոր գործընթացները, որպեսզի ավելորդ վարչարարությամբ նրանց համար խոչընդոտներ չստեղծենք:

Ուզում եմ նաեւ ավելացնել, որ այս տարի կառավարությունը որոշում ընդունեց` նպատակ ունենալով գյուղտեխնիկայի բնագավառում նույնպես ստեղծել բարենպաստ պայմաններ»,- նշել է վարչապետն ու հավելել. «Պարտադիր պայմանը, ըստ որի` գյուղտեխնիկան պետք է անցնի տեխնիկական զննում, վերացրել ենք, ինչպես նաեւ էապես պարզեցրել ենք գյուղում գյուղտեխնիկայի վարորդական իրավունք ստանալու գործընթացը, որպեսզի բյուրոկրատիան էապես նվազի»: