Հայաստանի կառավարությունը հաստատել է բավական մեծ եւ մասշտաբային` կարկտահարության դեմ պայքարելու առաջին ծրագիրը: Այդ մասին մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Իհարկե, աղետներից ոչ մեկը պաշտպանված չէ: Բնակլիմայական պայմանների ազդեցությունը գյուղատնտեսության վրա էական է եւ մեծ: Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը: Մենք Գիտեք, որ հակակարկտային կայաններ են տեղադրվում Հայաստանում: Այս պահի դրությամբ` ունենք 110 հակակարկտային կայաններ»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է 200 մլն դրամ, կտեղադրվի շուրջ 50 նոր կայաններ, որպեսզի հնարավորին չափ տնտեսությունները երաշխավորված լինեն, որ կարկուտը վնաս չի հասցնի: «Դա եռամյա ծրագիր է, եւ ամեն տարի բյուջեով միջոցներ են հատկացնում հակակարկտային կայաններ ստեղծելու, ինչպես նաեւ միասնական կարգավորման համակարգ ստեղծելու համար, որպեսզի պետությունն օպերատիվ կարողանա արձագանքել այս խնդրին»,- ասել է Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Մի նոր ծրագիր ենք սկսում, որն այգիներին է վերաբերում: Այսինքն` նոր ցանցային համակարգով այգիները ծածկելու ծրագիր է, որը Եվրոպայում մեծ կիրառություն է ստացել եւ ավելի հուսալի է: Դա լինելու է նորամուծություն մեր պրակտիկայում, եւ փորձելու ենք նաեւ այս փորձը տարածել»:
խոսելով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն ներդնելու խնդրի մասին, վարչապետն ասել է, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա բավականին թանկ հաճույք է, եւ մեր գյուղացիական փոքր տնտեսությունները պատրաստ չեն ապահովագրական ներդրմանն այն պարզ պատճառով, որ շատ թանկ է: «Այդ տեսակետից պետությունն ավելի շատ իրականացնում է պետական ապահովվածության ծրագրեր. պետական բյուջեով հատկացումներ են նախատեսվում` օժանդակելու գյուղացիական տնտեսություններին»,- նկատել է կառավարության ղեկավարը:





























