«Դորիան» փոթորիկը դարձել է ամենահզոր բնական աղետը Բահամյան կղզիների հյուսիս-արեւմտյան ափերի մերձակայքում. ակնկալվում է, որ երկու օրվա ընթացքում Բահամներում կտեղան հորդառատ անձրեւներ եւ կլինեն ուժգին քամիներ, հաղորդում է Reuters-ը:

Ներկայումս ամերիկյան Ֆլորիդա նահանգում, որի ուղղությամբ շարժվում է փոթորիկը, տարհանվում են մարդիկ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի փոթորիկների հսկողության ազգային կենտրոնը հայտնել էր, որ «Դորիանը» հասել է Աբակո կղզիներ, իսկ դրա կատեգորիան հասել է վտանգի ամենաբարձր՝ հինգերորդ աստիճանին:

Ներկայումս փոթորիկը շարժվում է 285 կմ/ժ արագությամբ:

Ֆլորիդայի եւ Հյուսիսային Կարոլինայի միլիոնավոր բնակիչները սարսափահար սպասում են փոթորկին ԱՄՆ-ի ափերին մոտ: Դեռեւս հայտնի չէ՝ «Դորիանը» ուղղակի վնաս կհասցնի նահանգին, թե պարզապես կանցնի նահանգով:

Բահամների բնակիչները հայտնել են, որ «Դորիանը» կոտրում է ծառերն ու ոչնչացնում նավամատույցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայում միլիոնավոր մարդիկ եւ վայրերը՝ ներառյալ «Ուոլթ Դիսնեյի աշխարհն» ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «Մար-ա-Լագո» ակումբը, հայտնվել են փոթորկի պոտենցիալ թիրախների շարքում:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ «Դորիանը» կսպառնա Ֆլորիդա նահանգին երկուշաբթի երեկոյան կամ երեքշաբթի առավոտյան: Հնարավոր է դրա ազդեցությունը վտանգի նաեւԿարոլինա եւ Ջորջիա նահանգները: