ԱՄՆ-ը եւ Լեհաստանը ստորագրել են 5G նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու համաձայնագիր։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին համաձայնագիրը ստորագրել են Վարշավայում, տեղեկացնում է AP-ը։
Համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ-ի եւ ցանցային ենթակառուցվածքի համար սարքավորումների ամենամեծ արտադրող՝ չինական Huawei ընկերության միջեւ գլոբալ ճակատամարտի համատեքստում։
Համաձայնագիրը հետեւում է այն սկզբունքներին, որոնք մշակվել են կիբեռանվտանգության տասնյակ երկրների՝ այս տարեսկզբին Պրահայում հրավիրված գագաթաժողովի ներկայացուցիչների կողմից՝ սպառնալիքներին դիմակայելու եւ հաջորդ սերնդի բջջային ցանցերի ապահովման համար։
«Կապի հաջորդ սերնդի այդ ցանցերի պաշտպանությունը խափանումներից եւ մանիպուլյացիաներից ու Միացյալ Նահանգների, Լեհաստանի եւ այլ երկրների քաղաքացիների մասնավոր կյանքի եւ անձնական ազատությունների անձեռնմխելիության ապահովումը կենսականորեն կարեւոր նշանակություն ունեն»,- ասվում է համաձայնագրում։
Փենսն ասել է, որ համաձայնագիրը «կարեւոր օրինակ կծառայի Եվրոպայի մնացած մասի համար»։





























