Իրանի նախագահ Հասան Ռոհանին բացառել է ԱՄՆ-ի հետ երկկողմ ձեւաչափով բանակցությունները, սակայն նշել է, որ երկխոսությունը հնարավոր է իրանական միջուկային ծրագրով «վեցյակի» ձեւաչափով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները հանի, կկարողանա, ինչպես նախկինում, երկխոսության մեջ մտնել «5+1» (խմբի) շրջանակում»,- հայտարարել է Ռոհանին, որի խոսքը մոեջբերվել է նրա պաշտոնական կայքում:

Նա նշել է, որ Վաշինգտոնի հետ երկկողմ բանակցությունների մասին խոսք չկա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ կարող էր Ռոհանիին հանդիպել «ճիշտ հանգամանքների» պարագայում:

ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները վատթարացել են վերջին տարում, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ Թեհրանի հետ իրանական միջուկային ծրագրի գործարքից: Ի պատասխան՝ Իրանը դադարեցրել էր պայմանագրի մի շարք դրույթների կատարումը: Դրանից բացի, ԱՄՆ-ն Իրանի իշխանությունների եւ ընկերությունների դեմ կրկին պատժամիջոցներ էր սահմանել: Գործարքի եվրոպացի մասնակիցները հայտարարել էին համաձայնագիրը պահպանելու մտադրության մասին: