Ստավրոպոլի երկրամասում Սու-25 գրոհիչը պլանային ուսումնամարզական թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը:
Ներկայումս ընթանում են վթարի պահին կատապուլտված օդաչուների որոնումները:
«Թռիչքն իրականացվել է առանց մարտական լրակազմի: Օդանավն ընկել է ամայի վայրում, գետնի վրա ավերածություններ չկան»,- հստակեցրել են ռազմական գերատեսչությունից:
Սու-25 գրոհիչը նախատեսված է մարտի ժամանակ ցամաքային զորքերին աջակցություն ցուցաբերելու համար, այն կարող է ոչնչացնել փոքրաչափ շարժվող եւ անշարժ օբյեկտները: Օդանավը կարող է թռչել առավելագույնը 10 հազար մետր բարձրությամբ եւ զարգացնել մինչեւ 950 կմ/ժամ արագություն: Սու-25ՈւԲ մոդիֆիկացիան ուսումնամարտական է: Այս օդանավերի սերիական թողարկումը կատարվել է 2 գործարաններում՝ Ուլան Ուդեում եւ Թբիլիսիում:




























