Իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գծերի ստեղծման շուրջ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը, հաղորդում է Reuters-ը:

Գաղափարի նպատակն է իրանական նավթի եկամուտներով երաշխավորված վարկային գիծ տրամադրել՝ Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալու, Պարսից ծոցում անվտանգության եւ տարածաշրջանային անվտանգության հարցով բանակցությունները սկսելու փոխարեն:

Արեւմտյան եւ իրանական աղբյուրների խոսքով՝ Ֆրանսիան առաջարկում է մոտ 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին՝ 2015թ. միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրին վերադառնալու փոխարեն:

Եվրոպացի առաջնորդները փորձում են կայունացնել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ առճակատումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից:      

Երկուշաբթի Փարիզում էր իրանական պատվիրակությունը, որի կազմում էին նավթային եւ ֆինանսական արդյունաբերության ներկայացուցիչները: Նրանց այցի նպատակն էր հստակեցնել վարկային գծերի մանրամասները, որոնք Իրանին թույլ կտանան պատժամիջոցներից հետո որոշակի առումով «խորը շունչ քաշել»:

«Հարցն այն է, թե արդյոք կկարողանանք հասնել այդ մակարդակին (15 մլրդ դոլար): Երկրորդ հարցը, թե ով է ֆինանսավորելու, եւ երրորդը՝ մենք պետք է ստանանք ԱՄՆ-ի լուռ հավանությունը: Մենք մինչ այժմ չգիտենք՝ որն է ԱՄՆ-ի դիրքորոշումը»,- ասել է բանակցություններից իրազեկ աղբյուրը:

Բանակցություններից իրազեկ իրանցի պաշտոնյան ասել է.

«Ֆրանսիան առաջարկում է 15 մլրդ դոլարի չափով վարկային գծեր տրամադրել Իրանին, սակայն մենք դեռեւս քննարկում ենք այդ առաջարկը, երաշխիքներ են անհրաժեշտ: Նախագահ Մակրոնը փորձում է ջանքեր գործադրել այդ խնդիրը լուծելու եւ գործարքը փրկելու համար»:      

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը երեքշաբթի կմեկնի Վաշինգտոն, որտեղ մասնակիորեն կքննարկի վարկային մեխանիզմը:

Ֆրանսիայում G7-ի հանդիպման ժամանակ Թրամփը, կարծես, բաց էր վարկային գծերի գաղափարի համար՝ չնայած նրան, որ ԱՄՆ պաշտոնական անձինք բացառում են պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը: