Թեհրանն ազատ է արձակել բրիտանական «Stena Impero» լցանավի անձնակազմի 7 անդամներին, որոնք ձերբակալվել էին շաբաթներ առաջ ծովային կանոնները խախտելու պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:

Մուսավին ասել է, որ «Իրանը խնդիրներ չունի անձնակազմի եւ լցանավի կապիտանի հետ»: «Լցանավը ձերբակալվել էր օրենքները խախտելու պատճառով, եւ, բնականաբար, անձնակազմը եւս ձերբակալվել էր: Այդուհանդերձ, հյուպատոսական կարգավիճակն ու անձնակազմի անհատական թույլտվությունները վերանայվել են, եւ հետագա դիտարկումներից հետո, մարդասիրական նկատառումներից ելնելով, անձնակազմի որոշ անդամներ ազատ են արձակվել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Հորմուզի նեղուցում բրիտանական «Stena Impero» լցանավի կալանման մասին՝ նշելով, որ այն չի կանգնել իրանական ձկնորսական նավակի հետ բախվելուց հետո, ինչը միջազգային ծովային կանոնների խախտում է: