Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի պահպանումն այսօր ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վերլուծական բաժնի վարիչ Ալեքսանդր Խրամչիխինը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հայտարարությունը, թե «ստատուս-քվոն միգուցե ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց այն կայունություն չի երաշխավորում»:
«Ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին, բացի Ադրբեջանից»,- նկատել է փորձագետը: Նրա խոսքով, անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ստեղծվել է հակամարտության կարգավորման համար, այսօր զբաղված է նրանով, որ փորձում է պահպանել ստատուս-քվոն:
«Որեւէ մեկը պատկերացում էլ չունի, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը, եւ բոլոր ջանքերն ուղղված են տարածաշրջանում ռազմական գործողություններ թույլ չտալու համար»,- ասել է քաղաքագետը:
Խոսելով Ադրբեջանի վարմունքի մասին, Խրամչիխինը կարծիք է հայտնել, որ եթե այդ երկիրը շարունակի նման տեմպերով զինվել, նոր պատերազմն անխուսափելի կլինի:
Հարցին, թե ինրչպե՞ս կարձագանքեն մյուս ուժերը, եթե Ադրբեջանը խախտի ստատուս-քվոն, Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանել է, թե բոլորն էլ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ կանեն, սակայն ռեալ որեւէ գործողություն չեն ձեռնարկի: «Անվանապես որեւէ երկիր, այդ թվում Հայաստանը չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հետեւաբար Ադրբեջանի գործողությունները կարելի է օրինական համարել` նա վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը: Անգամ Ռռուսաստանն է այս պահին Ղարաբաղն Ադրբեջանի մաս համարում: Այլ հարց, եթե պատերազմական գործողություններն անցնեն Հայաստանի տարածք, այդ ժամանակ Ռուսաստանը, ըստ ամենայնի, կմիջամտի»,- ասել է նա:





























