Փարիզի առեւտրային դատարանը ամերիկյան Amazon ընկերության երկու մասնաճյուղերին հարկադրել է 4 մլն եվրոյի տուգանք վճարել՝ իր էլեկտրոնային առեւտրային հարթակի մասնակիցների հետ առեւտրային օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրեր կնքելու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Մրցակցության, սպառման հարցերով եւ խարդախության դեմ պայքարի գլխավոր վարչությունը (DGCCRF), որը կատարել է հետաքնությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դատարանը Amazon խմբի երկու ընկերություններին (Amazon Services Europe եւ Amazon France services) դատապարտել է վեց ամսվա ընթացքում փոփոխելու հարթակի օգտագործման ընդհանուր պայմանների մի քանի կետեր եւ 4 մլն եվրոյի տուգանք մուծելու»,- ասվում է վարչության հայտարարության մեջ։ Վճիռը չկատարելու դեպքում ընկերությունները կենթարկվեն լրացուցիչ՝ օրական 10 000-ական եվրո տուգանքի։
DGCCRF-ի հետաքննությունը 2016-2017թթ․ անցկացվել է երկրի տարածքում գործող բոլոր էլեկտրոնային առեւտրային հարթակների հանդեպ։ Մասնավորապես, օրենքի խախտումներ են հայտնաբերվել Amazon-ի եւ վաճառողի միջեւ պայմանագրի կնքման մի շարք կետերում։ Այսպես, ամերիկյան ընկերությունն իրեն իրավունք է վերապահել «միակողմանիորեն փոխել գործարքի պայմանները» կամ «առանց նախազգուշացնելու կամ բացատրությունների արգելափակել վաճառողի հաշիվը»։
Ստուգման արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը ստորագրել է Amazon-ի դեմ հայցը։





























