Իրանի հետ մարդասիրական եւ պարենային ապրանքների փոխանակման համար ստեղծված եվրոպական առեւտրային մեխանիզմը (Instex) չի գործի, քանի դեռ Թեհրանը հայելային ընկերություն չի ստեղծել եւ քանի դեռ չի համապատասխանում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հարցերով միջազգային ստանդարտներին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը:

«Իրանի հայելային կառուցվածքը չի աշխատում: Այն օրը, երբ նրանք կստորագրեն FATF-ի (փողերի լվացման դեմ պայքարում ֆինանսական միջոցների մշակման խումբ) պայմանները, մենք կխոսենք այդ մասին, եւ երբ մենք վստահ կլինենք, որ Instex-ով առաջին տրանզակցիաները չեն հայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո»,- ասել է աղբյուրը:

Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ FATF-ի փարիզյան կանոնները պահպանելը Instex-ի համար պարտադիր պայման չէ:

Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել ահաբեկչության ֆինանսավորման դեմ նոր միջոցներին, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը ստուգում է Իրանի իսլամական սահմանադրությանը օրենքների ու ընտրությունների համապատասխանեցումը, 2018թ. արգելափակել էր օրինագիծը՝ այն հիմքով, որ դա Իսլամական Հանրապետությանը թույլ չի տա ֆինանսական աջակցություն տրամադրել Լիբանանում «Հիզբոլլահ»-ին, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո:

Հունիսին FATF-ը հայտարարել էր, որ կարող է վերանայել միայն ամբողջությամբ ընդունված օրենսդրությունը, եւ Իրանին մինչեւ հոկտեմբեր ժամանակ էր տվել, որպեսզի վերջինս իրանական օրենսդրությունը համապատասխանեցներ իր նորմերին:

Դիվանագետի մեկնաբանությունները նաեւ արտացոլում են՝ որքան դժվար է եվրոպացիների համար համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ թուլացնել Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:

Իրանի պաշտոնական անձինք բազմիցս հայտարարել են, որ  Instex-ը պետք է ենթադրի նավթի վաճառք կամ վարկային զգալի հնարավորություններ տրամադրի, որպեսզի շահավետ լինի:

«Միշտ կարելի է ասել, թե մեղավոր է Instex-ը, եւ եվրոպացիները ոչինչ չեն անում, սակայն իրականությունն այն է, որ դա քաղաքական դիմակայություն է: Մենք Instex-ի շրջանակում գործարքներ ունենք, սակայն դրանք նախատեսված չեն նավթի արտահանման համար: Իրանցիները նախընտրում են ցույց տալ, թե Instex-ը չի աշխատում, քանի որ դա նրանց թույլ է տալիս մտածել, թե իրենք կարող են ճնշում գործադրել մեզ վրա»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: