Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանել ընկերությունների խոշոր ցանցի, նավերի եւ ֆիզիկական անձանց հանդեպ, որոնք, ենթադրվում է, գործել են Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հրահանգներով եւ տասնյակ միլիոնավոր դոլարների նավթ են մատակարարել Սիրիային՝ խախտելով ամերիկյան պատժամիջոցները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են հայտնվել Իրանի նավթի նախկին նախարարն ու նրա որդին, հնդկական ընկերության դուստր-ձեռնարկությունները, որոնք կապված են իրանական Adrian Darya տանկերի հետ, որը նավարկում է Միջերկրական ծովում այն բանից հետո, երբ հուլիսին ազատվել է Ջիբրալթարի իշխանությունների կողմից։
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը սառեցրել է նշված անձանց բոլոր արժեթղթերը եւ ամերիկյան քաղաքացիներին ու ընկերություններին արգելել է նրանց հետ գործարքի մեջ մտնել։
Հաստատությունում նշում են, որ ԻՀՊԿ «Կուդս» էլիտար ստորաբաժանումը եւ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը ֆինանսական շահույթ են ստացել իրանական նավթի եւ նավթամթերքների մատակարարումներից, հատկապես՝ Սիրիային։ Միայն այս գարնանը մատակարարումների ծավալը անցել է 750 միլիոն դոլարից։





























