Չորս տարի շարունակ քննվող Նորքի «Զինված խմբի»  գործը վերամակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։  Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Բանն այն է, որ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և 4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: