Ռուսաստանը կսկսի Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմաններով արգելված հրթիռներ արտադրել, սակայն Մոսկվան առաջինը չի զբաղվի դրանց կիրառմամբ: Այս մասին Արեւելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Rbc-ը:

«Մենք արդեն հրապարակայնորեն ասել ենք, որ չենք տեղակայի դրանք այն բանից հետո, երբ ամերիկացիները նման հրթիռ փորձարկեցին: Մենք դրանք չենք տեղակայի, սակայն կարտադրենք, բնականաբար, այն տարածաշրջաններում, որտեղ ցամաքային բազավորման նման դասի ամերիկյան արտադրության հրթիռային համակարգեր չկան»,- ասել է Պուտինը:

Այդ կապակցությամբ նա մտահոգություն է հայտնել՝ կապված Հեռավոր Արեւելքում ամերիկյան փոքր եւ միջին հեռահարության հրթիռների հայտնվելու հետ:

«Այն, որ Պենտագոնի ղեկավարը հայտարարում է, որ ԱՄՆ-ը մտադիր է դրանք տեղակայել Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում, դա մեզ չի ուրախացնում, այլ վշտացնում է եւ որոշակի անհանգստություն է պատճառում»,- նկատել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Ճապոնիայում ԿԺԴՀ-ի զսպման պատրվակով նման հրթիռների հայտնելը կարող է սպառնալիք ներկայացնել ՌԴ անվտանգության համար:

Պուտինի խոսքով՝ ամերիկյան հրթիռների թեման կքննարկվի Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի իշխանությունների հետ:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, իր հերթին, նկատել է, որ ԱՄՆ-ը Տոկիոյին չի առաջարկել Ճապոնիայում փոքր եւ միջին հեռահարության հրթիռներ տեղակայել:

«Այն, ինչ այժմ տեղակայված է Ճապոնիայում, պատկանում է միայն Ճապոնիային եւ նախատեսված է երկրի պաշտպանության համար: Օրինակ, այդ համակարգից «Թոմահավք» արձակելն անհնար է»,- ասել է Աբեն՝ հավելելով, որ Արեւելյան Եվրոպայում հայտնված ամերիկյան հրթիռային համակարգերի եւ ճապոնական հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջեւ տարբերություն կա:

«Իսկ ինչ վերաբերում է Aegis Ashore-ի տեղակայմանը, դրանք եւս պատկանում են Ճապոնիային եւ ղեկավարվում են Ճապոնիայի կողմից՝ ի տարբերություն Լեհաստանի հետ կապված իրավճակին»,- հավելել է Աբեն: