Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) ծանոթացել է միջուկային գործարքից շեղվելու երրորդ փուլի մասին Իրանի հայտարարություններին: Գործակալության տեսուչներն ուսումնասիրում են Իրանի իրավիճակը: Այս մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆրեդրիկ Դալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԱԷՄԳ-ին հայտնի են Իրանում ցենտրիֆուգների մշակման եւ գիտահետազոտական գործունեության մասին ԶԼՄ-ների տեղեկությունները:

«Գործակալության տեսուչները Իրանում են եւ ցանկացած համապատասխան գործողության դեպքում կտեղեկացնեն Վիեննայում գտնվող շտաբ-բնակարանին»,- ասվում է գործակալության ներկայացուցչի հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ, սեպտեմբերի 8-ին Թեհրանում տեղի կունենա գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեի եւ Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Ավելի վաղ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել էր.

«Երեկ մենք շահագործեցինք IR-6 20 ցենտրիֆուգներից կազմված բլոկը եւ հետագայում կշահագործենք IR-6 30 ցենտրիֆուգներից կազմված բլոկը»:

Նա նաեւ հայտնել էր, որ  Իրանը հրաժարվում է միջուկային գործարքի շրջանակում հետազոտություններ անցկացնելու սահմանափակումներից:

Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ դրվեց 2018թ. ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից հետո: 2019թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը կասեցնում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների մի մասը (հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելը): Հուլիսի 7-ին Թեհրանն անցավ կասեցման երկրորդ փուլին (հայտարարեց ավելի քան 3,67 տոկոսով ուրանի հարստացման մասին) և խոստացավ նվազեցնել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածությունները: