ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի տատիկերը բարենորոգիչներ են եղել, սակայն պատգամավորներն այդ մասին գլխի են ընկել միայն վերջերս, երբ Հայաստանի վարչապետը գյուղատնտեսական բարեփոխումների շրջանակում, գյուղացիներին խորհուրդ տվեց, կովերին կթելուց առաջ կրծքի լվացման պարտադիր գործընթաց կատարել։ Այս մասին պատգամավորները հայտարարեցին մարտի 29-ին կայացած ասուլիսում։
«Ժառանգության» պատգամավորն ասաց, որ ինքը միշտ կարծել է, որ իր տատը հասարակ կին է եղել, սակայն վերջերս կարծիքը փոխել է։ «Ես միշտ կարծում էի, որ տատս հասարակ կին էր, բայց վերջերս պարզվեց, որ դա այդպես չէ։ Նա իսկական բարեփոխիչ էր, որովհետեւ կովերին կթելուց առաջ ձեռքերը լվանում էր, դուլյի բերանին ծածկոց էր գցում, կովի կուրծքը լվանում էր, ապա չորացնում»,- ասաց Մարտիրոսյանը։
ՀՀԿ-ական Բադեյանն էլ գործընկերոջ ոգով շարունակեց մեկնաբանել Հայաստանի վարչապետի գյուղատնտեսական բարեփոխումներին ուղղված հայտարարությունը։ «Փաստորեն, իմ տատն էլ բարեփոխիչ էր։ Նա միշտ ասում էր, որ մարդիկ պետք է ամեն օր լվացվեն, բայց նա լավ ռեֆորմատոր չէր, քանի որ նրա բարենորոգումները ձախողվեցին։ Այսօր այցելեք ցանկացած կինոթատրոն, կամ նստեք հասարակական տրանսպորտ, եւ կհասկանաք, թե ի՞նչ նկատի ունեմ: Ես ցանկանում եմ ասել, որ այո, մարդիկ գիտեն այն կանոնների մասին, որոնց մասին խոսել էր վարչապետը, եւ իրականում այստեղ բարենորոգման նոր ծրագիր չկա, սակայն հարցն այն է, որ այս ամենն իմանալով հանդերձ, գյուղատնտեսները չեն հետեւում այս կանոններին»,-ասաց Բադեյանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գյուղական համայնքներ այցերից մեկի ժամանակ, գյուղացիներին ասել էր. «Հարգելի գյուղացիներ, օրինակ՝ դուք գիտե՞ք, որ մինչեւ կովին կթելը, պետք է ձեռքերը մաքուր լվանալ, դույլի բերանը ծածկել ծածկոցով, գոլ ջրով լվալ կովի կուրծքը, եւ չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»:





























