Ադրբեջանի Մինգեչաուրի եւ Քյուրդամիրի շրջաններում հարսանիքների ժամանակ դանակահարության արդյունքում 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` վկայակոչելով երկրի ՆԳՆ-ն:

Մինգեչաուր քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալել են նույն քաղաքի բնակիչ, նախկինում դատված Ռամին Գուլիեւին: պարզվել է, որ Գուլիեւը հարսանիքի ժամանակ, հարբած վիճակում դանակի հարվածներ է հասցրել իր եղբորը, ինչպես նաեւ երկու այլ հարազատների, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել նաեւ Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանում` «Դան ուլդուզու» տոնակատարությունների տանը:

Շրջանի բնակիչ Մահիր Բախշիեւը հարբած վիճակում դանակի հարվածներ է հասցրել Մուշվիգ Նաջաֆովին եւ դիմել փախուստի: Ոստիկանությունը նրան գտել եւ ձերբակալել է Հ. Ալիեւի անվան օդանավակայանում, երբ նա փորձում էր նստել Բաքու-Մոսկվա չվերթի օդանավը:

Տուժածի կյանքը հնարավոր է եղել փրկել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: