Լիբիայում միջազգային ռազմական միջամտության ղեկավարության հանձնումը ՆԱՏՕ-ին հետաձգվել է մեկ օրով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ին: ՆԱՏՕ-ն հրամանատարությունն իր ձեռքը կվերցնի մարտի 31-ին Գրինվիչի ժամանակով առավոտյան ժամը 6-ին:
Այն, որ Լիբիայում ռազմական գործողությունները ղեկավարելու է ՆԱՏՕ-ն, հայտարարվել էր դեռ մարտի 27-ին: Այդ ժամանակ նշվում է, որ հրամանատարության հանձնումը տեղի կունենա 48 ժամվա ընթացքում: ՆԱՏՕ-ում նշում են, որ այս հետաձգումը նպատակ ունի, որ այդ անցումն ավելի սահուն տեղի ունենա: Բրյուսելում ընդգծել են նաեւ, որ Դաշինքի 28 անդամների միջեւ մինչ օրս որոշ հարցերի շուրջ չկա միասնություն ռազմական գործողությունների հետ կապված:
Մասնավորապես, ՆԱՏՕ-ն արդեն ղեկավարում է Լիբիայի ծովային բլոկադան, իսկ այդ երկրի օդային տարածքում պարեկություն են անում Դաշինքի օդանավերը, սակայն կազմակերպության անդամները նախկինի նման չեն որոշել, պե՞տք է ՆԱՏՕ-ն համակարգի կետային հարվածները Քադաֆիի ցամաքային զորքերի դիրքերի ուղղությամբ:
Լիբիայում միջազգային ուժերի գործողություններն սկսվել են մարտի 19-ին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւից հետո, որով որոշվել էր պաշտպանել Լիբիայի խաղաղ բնակչությանը:





























