«Արմավիա» ավիաընկերությունը հետաձգել է Երեւան-Հռոմ, Երեւան-Մյունխեն եւ մի շարք այլ ուղղություններով չվերթերը. պատճառը երկու օդանավերի՝ տեխզննության փուլում գտնվելն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Վերոնշյալ երկու ուղղություններին զուգահեռ՝ հետաձգվել են նաեւ Երեւան-Ռոստով եւ Երեւան-Դելի չվերթները։ Ինչ վերաբերում է օդանավերին, ապա դրանցից մեկն անսարք է, մյուսը 7 օրով գործուղվել է Սեյշելյան կղզիներ»,- ասաց Ավետիսովան։

Հարցին, թե ի՞նչ կերպ են լուծելու ուղեւորների փոխհատուցման հարցը, նա նկատեց, որ այդ հարցը դեռեւս չի քննարկվում։ «Չվերթերը շուտով կկարգավորվեն։ Մինչեւ վաղը բոլոր 4 չվերթերը կվերականգնվեն»,- ամփոփեց մամուլի խոսնակը։

Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքերի պատճառով վերջերս «Արմավիան» հետաձգել էր մի շարք այլ չվերթեր եւս։ Ըստ  «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի`«Արմավիան» երեք ամսվա կուտակած պարտք ունի: Սակայն, ինչպես վերջերս տեղի ունեցած ասուլիսում հայտնել էր «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ  Բաղդասարովը, ընկերության «պարտքը կուտակվել է մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում»: Ի դեպ, նա նաեւ հայտարարել էր, թե չի պատրաստվում մարել պարտքը:Ավելի ուշ «Արմավիան» եւ «Զվարթնոց»-ը հաշտության էին եկել: