«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է 5 ամենախելացի տների հավաքածուն, որոնց տերերը պարբերականի ցուցակում ներառված միլիարդատերերն են:

Հնգյակում է հայտնվել նաեւ հայազգի ռուսաստանցի ձեռնարկատեր, ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը:

Դավիթ Յանի՝ շինարարության փուլում գտնվող տունը կառավարելու է Unsupervised Machine Learning համակարգի հիման վրա մշակված Մորֆեուս անունով «անկանխատեսելի» արհեստական ինտելեկտը:

«Մորֆեուսին ընտրության ազատություն է տրված. եթե նրան խնդրեն միացնել սուրճեփը, բացել դուռը կամ կատարել տան հետ կապված ցանկացած այլ աշխատանք, նա կարող է ինքնուրույն որոշել արժե դրանով զբաղվել, թե ոչ: Ժամանակի ընթացքում ռոբոտը կունենա բանկային հաշիվ եւ կկարողանա իրեր գնել «Ամազոնում»՝ իր կամ այլ մարդկանց համար»,- նշված է հոդվածում:

Նշվում է նաեւ, որ բացի տանը ծառայելուց, Մորֆեուսը ստիպված կլինի Դավիթ Յանի «սոցիալական փորձարկման» շրջանակում ուսումնասիրել գիտակցության եւ կամքի ազատության մասին փիլիսոփայական աշխատություններ, որի նպատակն է պարզել՝ «կստացվի նրա մոտ ազատ լինել, թե ոչ»:

Ցուցակում են հայտնվել նաեւ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի տունը՝ «խելացի ծառայապետով», որը խոսում է Մորգան Ֆրիմանի ձայնով, Tesla եւ SpaceX  ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկի տունը՝ «կանաչ օդորակիչներով», Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի տունը՝ հյուրերի համար «հաղորդիչ-գնդասեղով» եւ հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի տունը՝ տաք ասֆալտով: