Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում մարտի 28-ին բազմաթիվ հոգեւորականների մասնակցությամբ կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:

Նախ գինով ու ջրով լվացվել են նախապես ընտրված 16 վեմ քարերը, որոնց համար ընտրվել էին 16 կնքահայրեր: Այդ պատասխանատու պարտականությունը սիրով ստանձնել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, բարերարի որդիները եւ համագյուղացիներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի թեմից, Բերքաշատ գյուղը  եկեղեցի չի ունեցել, եւ տարիներ շարունակ գյուղի բնակիչներն այցելել են տարածաշրջանի գյուղերում գտնվող եկեղեցիներ: Եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, երկար տարիներ բնակվելով Կիեւում, նախաձեռնել է սեփական գյուղում կառուցել եկեղեցի, որը կծառայի գյուղացիներին եւ կնպաստի գյուղի  հոգեւոր վերազարթոնքին:

Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով հանդիսանում է նաեւ Մեծամոր քաղաքի Սբ. Ղազար եկեղեցու նախագծողը: Եկեղեցին կառուցվում է գյուղի կենտրոնում: Այն լինելու է տուֆակերտ, գմբեթավոր եկեղեցի, 11.2X11.2 մետր չափերով, 16.4 մետր բարձրությամբ, միախորան, խորանի երկու կողմերում եռանկյունաձեւ ավանդատներով, արեւմուտքում կցված զանգակատնով:  Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թվականի գարնանը: